Օգոստոսը հագեցած ամիս էր ոչ միայն Արցախին նվիրված բանակցությունների, այլև Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների առումով: Օգոստոսի 1-ին Հալեպի արվարձաններում մարդասիրական գործողության ավարտից հետո Հմեյմիմի բազա վերադառնալիս իսլամիստ զինյալների կողմից ռուսական փաստորեն անզեն Ми-8 ուղղաթիռի ոչնչացումը, որի հետևանքով զոհվեց հինգ ռուս զինծառայող, մեր կարծիքով, Մերձավոր Արևելքում Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Իրաքի համատեղ հակաահաբեկչական (քառակողմ) գործողությունները ձախողելու ԱՄՆ-ի հերթական փորձերի փուլ է նշանավորում: Աշխարհն է տեսնում, որ դա տեղի ունեցավ այն բանից անմիջապես հետո, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը սկսեց փորձեր ձեռնարկել հաշտվելու Ռուսաստանի և Իսրայելի հետ, երբ Անկարայում և Ստամբուլում ձախողվեց, այսպես կոչված, «զինվորական խռովությունը», ինչից հետո միանգամայն ակնբախորեն տեսանելի դարձավ, որ Ռուսաստանն ու Թուրքիան, կարծես, «ընդհանուր լեզու են գտնում»: Այսինքն, անցած տարի ռուսական հց-24 ինքնաթիռը խփելու հետ կապված սադրանքը, որի «հեղինակային իրավունքի» ստանձնումը օրերս մեկ անգամ ևս հաստատեց Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ըստ էության, դրա կուլիսային կազմակերպիչների կարծիքով, ակնկալված արդյունքը չի տվել:
Ми-8-ի հետ կապված միջադեպից հետո աշխարհի գրեթե բոլոր լրատվամիջոցները աղմուկով գրում էին «սակարկության» մասին, որ մինչ այդ անհայտ, իբր «սիրիական» մի կազմակերպություն, որը աշխարհի լրատվամիջոցները, չգիտես ինչու, կոչում են բացառապես անգլերեն՝ «General Foundation for Prusoners’ Affairs (այսինքն՝ «Բանտարկյալների գործերի համընդհանուր հիմնադրամ»), սարքել էր ռուս զինվորականների դիերի շուրջ, ընդ որում` զինյալները մի քանի օր անսքող հաճույքով տարածում էին զոհվածների դիերի նկատմամբ անմարդկային ծանակ պատկերող տեսահոլովակները: Զինվորական տեսակետից, մարդասիրական առաքելություն իրականացնող ուղղաթիռ խփելը, որի մեջ եղել են միայն անձնակազմի երեք անդամ և Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի երկու սպա, անզորության նշան է, ինչը նշանակում է, որ կոնկրետ խփողներն ու նրանց հովանավորները ձգտում են ձախողել զինադադարը, ինչպես նաև թույլ չտալ, որ հաշտեցման գործին միանան ավելի ու ավելի շատ ընդդիմադիրներ և առհասարակ զինված սիրիացիներ: Չէ՞ որ Սիրիան, ինչպես և Ռուսաստանն ու Իրանը, ամբողջ յոթ մարդասիրական միջանցք են ստեղծել այն բանի համար, որ հանձնվել կամեցող քաղաքացիական անձինք ու զինյալները կարողանան դուրս գալ Հալեպի զավթված շրջաններից ու արվարձաններից: Մյուս բոլոր տեսակետների համաձայն, դա հանցագործների արտասահմանյան հովանավորների լիակատար ձախողում է, որոնք այսօր «դիավաճառք» են սկսել, դա համարյա հուսահատ քայլ է: Չէ՞ որ թե՛ իսլամիստները, թե՛ Արևմուտքի նրանց դաշնակիցները հիանալի հասկանում են, որ, օրինակ, Դամասկոսի հարավարևելյան արվարձանների և Հալեպի նահանգի օկուպացված մասի «մաքրումը», որտեղ զինյալների խմբավորումները վերցված են լիակատար շրջապատման մեջ, անխուսափելի է: Արևմտյան առաջատար վերլուծաբաններն էլ են հիանալի հասկանում դա. զուր չէ, որ օգոստոսի 1-ին Ми-8-ի ողբերգությունից անմիջապես հետո բրիտանական «Financial Times»-ը ափսոսանքով արձանագրեց, որ «Բաշար Ասադի վարչակազմը ուր որ է հաղթանակ կտանի Հալեպում, իսկ Վաշինգտոնը «բերանը ջուր է առել» և անմասն է տարածաշրջանում տեղի ունեցող առանցքային իրադարձություններից»:
Բրիտանացիները, ինչպես հայտնի է, ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների «կրտսեր սպասյակներն» են, և շատերը գիտեն, որ, օրինակ, հարևան Հորդանանը արդեն ոչ թե արաբական անկախ թագավորություն է, այլ, ավելի շուտ, Մերձավոր Արևելքում բրիտանական հսկայական հետախուզական բազա: ՈՒ հիմա այդ բազան գտնվում է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների լիակատար տնօրինության ներքո, և զուր չէ, որ օգոստոսի 2-ին Վաշինգտոնը հանկարծ հայտարարեց, թե մտադիր է հատուկ գործողություններ ծավալել Սիրիայի հարավում և հարավ-արևելքում: Դա էլ հենց սիրիա-հորդանանյան ուղղությունն է: «Finansial Times»-ը կոշտ կերպով վերջին մեխերն է խփում ԱՄՆ-ի մերձավորարևելյան քաղաքականության «դագաղին», ինչը կարելի է գնահատել նաև իբրև Անգլիայի խուլ դժգոհություն այն բանից, որ իրեն «օգտագործել ու դեն են նետել». «ԱՄՆ-ը Սիրիայում այնքան անարդյունավետ է դրսևորում իրեն, որ ապշել կարելի է: Հալեպն առայժմ ապստամբների ձեռքին է: Այն նույն ապստամբների, որոնք համարվում էին չափավոր ընդդիմություն և նախատեսում էին կառուցել նոր Սիրիա՝ առանց Ասադի: Բայց Ամերիկան վերջին ժամանակներս սկսել է ավելի ու ավելի քիչ աջակցել այդ խմբերին: Դրա հետևանքով ընդդիմադիրներն ակամա անցնում են ահաբեկիչների կողմը, փաստորեն դառնում «Իսլամական պետության» դաշնակիցներ: Նման «դրոշափոխությունը» ձեռնտու է Սիրիայի ներկա կառավարությանը, որը հնարավորություն է ստանում օրինական հիմունքներով ջախջախելու բոլոր նրանց, ովքեր հանդես են եկել իր դեմ: Հիմա Ասադը բոլորին ցույց է տալիս, որ երկրում կա ընդամենը երկու ուժ՝ վարչակազմ և արմատական իսլամիստներ: Ընդ որում, Ասադը մեծ հաջողությունների չէր հասնի առանց Մոսկվայի աջակցության: Հենց ռուսական ռազմաօդային ուժերը արմատապես փոխեցին պատերազմի ընթացքը, հաղթանակը դնելով Ասադի բուռը: Տարօրինակ է, որ Վաշինգտոնը չի արձագանքում դրան: Չէ՞ որ ոչ մի կասկած չկա, որ ով տիրանա Հալեպին, նա էլ կդառնա մնացած տարածքների տերը: Զրկվելով այդ կենտրոնից՝ ապստամբներն անխուսափելիորեն տանուլ կտան Սիրիայի համար մղվող պատերազմն առհասարակ»:
Բրիտանացի վերլուծաբաններին կարելի է ներել մի ինչ-որ «հաջողակ սիրիական ապստամբական բանակի» մամռապատ խրտվիլակին նվիրվածության համար, որի «հերոսության» մասին (այդ թվում՝ սիրիացի տարաբախտ զինվորի սիրտը ցուցադրաբար «ուտելու» տեսահոլովակի) Սիրիայում կարող են խոսել միայն զզվանքով ու ատելությամբ. նողկալի քիմիական գրոհներն ու հրեշավոր գլխատումները այդ «ընդդիմությունն» սկսել էր զանգվածային մահապատիժների «գովազդային» տեսահոլովակների ցուցադրումից շատ ավելի վաղ, որոնք հիմա վերագրվում են բացառապես ԻՊ զինյալներին: Ներելի է նաև բրիտանական սուտը Սիրիայի օրինական իշխանություններին օգնություն ցուցաբերելու գործում միայն Ռուսաստանի ունեցած «ծառայության» մասին. բոլորը գիտեն, որ «ռազմադաշտում», բացի բուն սիրիացիներից, կռվում են նաև իշխանական զինվորականներ ու աշխարհի շատ երկրներից զինվորագրված շիական կամավորականներ: Օրինակ, մարտերի հիմնական վայրերում հիմա գերակշիռ մեծամասնություն են կազմում Սիրիայի օտարերկրյա օգնականները. դրանք լիբանանյան «Հըզբոլլահ» կուսակցության և Աֆղանստանից եկած շիադավան հազարների ավելի քան 15 հազար մարտիկներն են: Ասենք, «ընդդիմադիրների հոսքն էլ դեպի արմատական իսլամիստներ սկսվել է ոչ այսօր և ոչ էլ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն սկսեց կրճատել օգնությունն իր «խնամարկյալներին»: 2014-16 թթ. ընթացքում աշխարհի լրատվամիջոցները բազմիցս հաղորդել են, որ մեկ ամերիկյան ինքնաթիռներն են «սխալմամբ» զենք ու զինամթերք նետել ոչ թե «ընդդիմությանը», այլ հենց իսլամիստներին, մեկ նետված բեռը «անհասկանալիորեն» Արևմուտքի խնամակալությունը վայելող «ընդդիմադիրներն իրենք են փոխանցել ԻՊ-ին կամ «Ջեբհաթ ան-Նուսրային», մեկ ստանալով արևմտյան «նվերները»`, սիրիական ժողովրդավարները լրիվ կազմով անցել են արմատականների կողմը և նույնիսկ ԻՊ-ին հավատարմության երդում են տվել:
Միևնույն է, ստի ոտքերը կարճ են, և հեռու չէ այն ժամանակը, երբ կազատագրվեն ոչ միայն Դամասկոսի մի շարք արվարձաններ ու Հալեպի նահանգի մի շարք բնակավայրեր, այլև լիակատար ձախողում կկրեն «Finansial Times»-ի տիպի հակաասադյան քարոզչության հրատարակություններ: Երբ մի շարք նախկին խորհրդային հանրապետություններում ահաբեկչական ակտերի նախօրեին և հենց Թուրքիայում տեղի ունեցած կեղծ խռովության օրերին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Մոսկվայում գրեթե երկօրյա լարված բանակցություններ էր վարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, Սիրիայի վերաբերյալ խոսակցությունից հայտնի դարձավ, որ ամերիկացիները «հանձնել» են «Ջեբհաթ ան-Նուսրայի» զինյալներին, որոնց դեռ միանգամայն վերջերս ջանում էին «պաշտպանել» և անգամ ներառել Սիրիայի «թույլատրելի ընդդիմության» ցուցակներում: Իսկ հենց այդ խմբավորման զինյալներն են մեծ մասամբ իշխում Հալեպի նահանգում:
Այսինքն, ԱՄՆ-ը խոստովանել է, որ ահաբեկիչներից Հալեպի նահանգի լիակատար ազատագրումն անհնար է առանց թե՛ ԻՊ-ից, թե՛ «նուրսիականներից» անվերապահորեն մաքրման և կարծես համաձայնության է եկել Սիրիայի, իրանցիների և շիական կամավորների ռազմական գործողություններ սկսելու շուրջ: Բայց հուլիսի 29-31-ի ընթացքում ամերիկացիները հանկարծ սկսեցին Ռուսաստանին հաստատակամորեն կոչ անել հրաժարվելու Հալեպում մարդասիրական գործողություն իրականացնելուց և «ներգործելու Ասադի վրա», որ Սիրիան հրաժարվի Հալեպի նահանգը «մաքրելուց»: Իսկ օգոստոսի 1-ին, մինչ այդ որևէ մեկին անհայտ մի խմբավորում (թեև սկզբում տեղեկություններ եղան, թե Ми-8-ը խփել են «Ջեբհաթ ան-Նուսրայի» զինյալները, որովհետև ուղղաթիռի վրա կրակ էին արձակել «Ջեբհաթ ան-Նուսրայի» և, այսպես կոչված, «չափավոր ընդդիմության» վերահսկողության տակ գտնվող տարածքից) ոչնչացնում է ռուսական անզեն ուղղաթիռը: Շատ նման է, չէ՞, ռուսական Cy-24-ի վրա Թուրքիայի անցած տարվա «խռովկան» հարձակմանը: 2015 թ. Ռուսաստանի ՌՏՈՒ-ի ինքնաթիռի վրա կատարված հարձակումը հանգեցրեց թե՛ Հալեպում, թե՛ Աֆրին-Ազազ ուղղությամբ սիրիա-թուրքական սահմանի հատվածում ծավալված գործողությունների դանդաղմանը: Այս անգամ ռուսական ՌՏՈՒ-ի ուղղաթիռը խփում են իբր «ապստամբ» զինյալները, բայց մի՞թե պետքարտուղար Քերիի ամբողջ հռետորաբանությունից պարզ չէ, որ միջադեպի իսկական պատվիրատուն հենց ԱՄՆ-ն է եղել: ՈՒղղակի պետք է հասկանալ, թե «դաշտային» ինչ գործողություն էին որոշել ձախողել ամերիկացիները 2016-ի ամռանը, միգուցե երկյուղում էին, թե նույն Ռաքքա քաղաքը իրենցից շուտ կկարողանան ազատագրել իրանական ԻՀՊԿ-ի փասդարաննե՞րը և աֆղանական հազարնե՞րը: Չէ՞ որ զուր չէր հուլիսին Օբաման, և դարձյալ հանկարծակի, մեկ անգամ ևս «ազդարարում», թե հենց ԱՄՆ-ն է մտնելու Ռաքքա:
Բացի այդ, նկատենք, որ Ми-8-ն էլ խփվեց Իդլեբի նահանգի երկնքում, ոչ թե Հալեպում: Իսկ դա թե՛ սիրիա-թուրքական սահմանին է մոտ, թե՛ ալավիական Լաթաքիային:
Իբր «սիրիական» խմբավորման ի հայտ գալը, որի մասին ոչ ոք ոչինչ չէր լսել ոչ Սիրիայում, ոչ Ստամբուլի և Կատարի «սիրիական ընդդիմության» շրջանում, և, դատելով ըստ ամենայնի, առհասարակ ոչ ոք, պարզվում է, «General Foundation for Prusoners’ Affairs» կազմակերպություն չի նկատել նույնիսկ «Ջոն Քերիի ցուցակում». ուրեմն դա հաստատ ինչ-որ մեկի «ուղերձն» է, իսկ թե ո՞ւմ, մոտավորապես հասկանալի է: Միանգամայն հնարավոր է, որ առհասարակ հենց այդպիսի սիրիական խմբավորում չլինի, այլապես համաշխարհային լրատվամիջոցները կազմակերպության անգլերեն անվանման կողքին անպայման կնշեին նաև նրա արաբերեն անվանումը: Ասենք, Սիրիայում ԱՄՆ-ի հատուկջոկատայինների առկայության մասին հիմա գիտեն բոլոր վերլուծաբաններն ու զինվորական փորձագետներն ու շահագրգիռ պետությունների ղեկավարները: Ինչ է, դժվա՞ր բան է ամերիկյան հատուկջոկատայիններից «մեկանգամյա օգտագործման» համար «ստեղծել» «սիրիացի ընդդիմադիրների» մի խումբ: Բարեբախտաբար, թե՛ կադրերի, թե՛ ենթակառուցվածքային ապահովման միջոցների, այդ թվում և տեղեկատվական ապահովման միջոցների «մատակարարումը» անխափան իրականացնում է անգլիական հետախուզական բազան՝ Հորդանանը: Միաժամանակ նաև նշվում է, որ Ми-8-ը խփվել է առայժմ անհայտ զենքով: Նշենք՝ «ուղերձը» բացահայտորեն նախատեսված է եղել «խմբային ծանոթացման» համար, քանի որ, դատելով անգլիական «Reuters» գործակալության հաղորդումից, «General Foundation for Prusoners’ Affairs» ավազակախումբը Ми-8 ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված ռուս զինծառայողների դիակների «փրկագին» է պահանջում հետևյալ պայմաններով. 1) ազատ արձակել Սիրիայի բանտերում և Լիբանանի «Հըզբոլլահ» կուսակցության «զնդաններում» գտնվող անձանց, 2) դադարեցնել շրջակա տարածքների պաշարումը և մարդասիրական օգնություն հասցնել այնտեղ: Իրենց պահանջները զինյալները իբր հավաստանշել են Ми-8-ի անձնակազմի զոհված անդամների փաստաթղթերով: Ընդ որում, ճշգրտումներ չկան, թե քանի կալանավորի մասին է խոսքը, ինչպես և չի պարզաբանվում, թե Ռուսաստանն ու Սիրիան այդ ի՞նչ կերպ պիտի ներգործեն «Հըզբոլլահի» վրա և, վերջին հաշվով, Լիբանանի իշխանությունների վրա: Այսինքն, Ми-8-ի վրա հարձակման նախաձեռնողները և «սակարկային» հայտարարության հեղինակները ակնկալում են նաև Իրանի ներգրավումը, քանի որ գաղտնիք չէ, որ «Հըզբոլլահի» առաջնորդ շեյխ Նասրալլայի վրա ազդեցություն ունի միայն պաշտոնական Թեհրանը:
Մի վարկած էլ կա այն մասին, որ ԱՄՆ-ն ուզում է ոչ միայն ձախողել կամ ձգձգել Դամասկոսի հարավային-հարավարևմտյան արվարձանների և Հալեպի նահանգի ազատագրման գործողությունը, այլև հարվածներից զերծ պահել իր «մասնագետներին»: Եվ միանգամայն հավանական է, որ «անփոխարինելի ամերիկացիների» մի մասն ընկած լինի հենց լիբանանյան շիաների ձեռքը, դրա համար էլ «General Foundation for Prusoners’ Affairs» խմբավորումը խոսում է ոչ միայն Սիրիայում, այլև Լիբանանում եղած կալանավորների մասին: Ընդ որում, հիշում եմ, որ Քերին, ըստ էության, շանտաժում էր, մեկ անգամ ևս ընդգծենք, ոչ միայն Ռուսաստանին. իբր, եթե մարդասիրական գործողությանը հետևի Հալեպի վրա գրոհը, ապա դա «լիովին կոչնչացնի համագործակցության ձեռք բերված մակարդակը»:
Դիվանագետը, ճիշտ է, խոստացել էր զսպել նաև «չափավոր ընդդիմության» հարձակողական եռանդը, բայց, երևի, ստում էր: Եվ հասկանալի չէ, թե նա ում նկատի ուներ: Այդ խմբավորման հոգևոր առաջնորդներից մեկը՝ շարիաթի դատավոր (Սաուդյան Արաբիայից) ալ-Մուհայսինին, հայտարարել է, որ Հալեպի համար իսկական ճակատամարտը նոր է սկսվում: Ի դեպ, հնարավոր է, որ ամերիկացիների համար «անփոխարինելիները» Հալեպի նահանգի դիրքերում են, ոչ թե Սիրիայի ու Լիբանանի բանտերում: Արդյունքը. իրավիճակի պատանդներ են ոչ միայն ռուսական ՌՏՈՒ-ն և Սիրիան, այլև Իրանի ԻՀՊԿ-ի «փասդարանները» և շիական կամավորները:
Այսպես թե այնպես, և՛ «վերանվանված» «Ջեբհաթ ան-Նուսրան», և՛ նախկինում անհայտ «General Foundation for Prusoners’ Affairs»-ը, պատկերավոր ասած, իսլամի բացահայտ մարտիկներ են «ամերիկյան ձևով», ու հիմա նրանք իրենց վրա են վերցնում Մերձավոր Արևելքում Ռուսաստանի դեմ ուղղված ռազմական սադրանքների բեռը:
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ